Posted in Uncategorized

Իմ նոր դպրոցը……

Ես Լիլին եմ ես սիրում եմ  իմ դպրոցը և դասատուների:Ես ինչու եմ սիրում իմ դպրոցը, քանի-որ նա շատ-շատ մեծ է և կրդությունը այստեղ շատ է:Ես սիրում եմ իմ դասատուներին քանի-որ նրանք լավնեն:Նրանք բարկանում են բայց ես հասկանում եմ, որ նրանք մեր լավն են ցանկանում տեսնել:Դե ես այսքանով ավարտեցի իմ խոսքը:

Posted in Uncategorized

Պատմություն Մայիս ամսվա առաջադրանքները

Մայիս

Հետազոտական աշխատանքների թեմաները` «Հայոց թագավորությունն անցումային շրջանում», «Արշակունիների և Սասանյանների հակամարտությունը», «Հայկական իրականությունը և քրիստոնեությունը. Աբգար V-ից մինչև Տրդատ III», «Անիշխանության ժամանակաշրջանի դասերը», «ՀԻն Հայաստանի բանակը», «Հին Հայաստանի սոցիալական կառուցվածքի փոփոխությունները մ.թ.ա. II դարից մինչև մ.թ. IV դարն ընկած ժամանակահատվածում», «Հայկական դիցարանները», «Հին Հայաստանի ձեռքբերումներն արվեստի ոլորտում»;

«Հայկական դիցարանները»

Հայկական դիցաբանություն, հայկական ցեղերի ու ցեղային միությունների, ավելի ուշ՝ հայ ժողովրդի շրջանում տարածված հավատալիքներ։ Այն ներկայացված է մի քանի դիցարաններով պայմանականորեն առաջին շրջանի՝ բրոնզի և երկաթի դարերի հայկական տոհմացեղային դիցարան: Հազարամյակների պատմություն ունեցող հայկական դիցաբանությունը 4-րդ դարից սկսած ամբողջությամբ իր տեղն է զիջում քրիստոնեությանը, որը Հայաստանում ընդունվել էր 301 թվականին։ Հին հայերի գերագույն աստվածն էր Արամազդը, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։

Առաջին դիցարան.

Հայոց առաջին դիցարանը կազմավորվում է ավելի վաղ քան ընդունված է նշել դավանաբանության մեջ։ Ըստ ավանադաբանության Հայկը Նոյի հինգերորդ սերունդն էր ,իսկ Նոյը Աստծո կամ Արարչի կողմից ընտրված Բարեպաշտն էր ,Հայկն է հանդիսանում Նոյի իրավահաջորդը՝ տիտղոսակիր ժառանգը։ Ըստ շումերական աղբյուրների տեղի է ունեցել աստվածների սրունդների չորս սերընդափոխություն ։Հնագույն շոմերական գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ Հայա անունուվ Աստծո մասին և նրա՝ որպես առաջին աստվածներ սերունդների մասին։ Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման՝ Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է, նշանակում է “հարազատ որդի” բառի ծագումնաբանությունը ասում է ՝ «դու մեզ» սա ավելի հավաստի է ), որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Հայկ-Օրիոնով։

Երկրորդ դիցարան.

Հայասա երկրի (մ. թ. ա. 15-13-րդ դարեր) աստվածները հիշատակվում են խեթա-հայասական պայմանագրում, որտեղ վերծանվել է 12 աստծու անուն։ Հայասայի դիցարանը ղեկավարել է գերագույն զույգը. առաջինը ռազմի աստվածությունն էր, երկրորդը՝ մայր աստվածուհին։ Հնագույն հայերի համոզմունքները կապված էին եղել բազմաթիվ պաշտամունքի հետ, հիմնականում մեր նախնիները պաշտել են երկինքը և երկնային մարմինները սակայն այդ պաշտամունքի և ծիսականության մեջ անկրկնելի և բացարձակ տեղ ունի արևը և արևի պաշտամունքը և արևի հետ նույնացված որոշակի կենդանիներ առյուծ, արծիվ, ցուլ, օձ ևնետաձիգ մարդը։ Բարձրագույն աստվածն էր հնդեվրոպական Արը (որպես ելակետ), որին հաջորդում էր Արամազդը ։ Հետագայում, հայոց համակարգի ազդեցությամբ ձևավորվում է ֆարսիների կրոնական համակարգը և իրավունքի շրջանակներում նրանք օգտվում են ոչ թե անունից այլ նորկայացնում են Արարչի որակնեից մեկը՝ Ահուրամազդա որը նշանակում է Աստծո հուրը մեզ տա։ Այդ նույն սկզբունքից ելնելով հելլենիստական դիցարանը այդպես է ներկայացնում Զևսին։ Ի լրումն հիմնական՝ արծվի և առյուծի պաշտամունքի, կային այլ սրբազան կենդանիներ.

Ցուլ (Երվանդ և Երվազը ծնվել էին կնոջ և ցուլի հարաբերությունից)

Եղնիկ (պաշտամունքը կապված էր մայր աստվածուհու և, ավելի ուշ, քրիստոնեական Մայր Աստվածածնի հետ)

Արջ (Ժամանակին ջրաղացպան է եղել, բայց երբ շատ գողություններ է արել, աստված զայրացել է նրա վրա և արջ դարձրել։)

Կատու (Նոյի տապանում գտնված ժամանակ առյուծը հանկարծ փռշտում է և քթից դուրս է ընկնում կատուն։ Դրա համար էլ կատուն շատ նման է առյուծի։)

Շուն, օրինակ Արալեզ (Սկզբից աշխարհում հաց չի եղել։ Մի օր քաղցած շունը սկսում է անընդհատ ոռնալ և երկինք նայել։ Այնքան է ոռնում, որ երկնքից մի հատիկ է ընկնում գետին։ Հատիկը ծլում է, աճում, արտը լցնում ցորենով։ Շան տերը քաղում է արտը, ծեծում հասկերը, ցորենը աղում։ Դրանից հետո աշխարհը հացով է լցվում։)

Սուրբ կաթնասուններ ու սուրբ թռչուններ էին համարվում՝

Առյուծ

Ձի

Ցուլ

Խոյ կամ Արխար

Արծիվ

Աքաղաղ

Ծիծեռնակ (Ճարտար ու քաղցրախոս երեխա է եղել։ Խորթ մայրը սաստիկ ատել է նրան։ Մի անգամ մայրը սուտ հիվանդ է ձևանում և ամուսնուց պահանջում, որ կտրի երեխայի ճկույթը, տա իրեն ուտի, որպեսզի ինքն առողջանա։ Ամուսինը ստիպված կատարում է չար կնոջ կամքը։ Երբ կտրում է տղայի ճկույթը, տղան մեռնում է։ Իսկ երբ կտրած ճկույթը տալիս է կնոջը, որ ուտի, ճկույթը հանկարծ ծիծեռնակ է դառնում)

Արագիլներ (Իրենց երկրում մարդ են, մարդկային կերպարանք ունեն։ Չվելու ժամանակ նրանք գալիս են գետափ, լողանում ջրերում, հագնում են թռչունի փետուրներ և ճանապարհ ընկնում մեր երկիրը։ Վերադարձի ժամանակ նրանք հավաքվում են մի բարձր սարի վրա, մատաղ անում, լողանում գետում, նորից մարդ դառնում ու գնում են իրենց երկիրը։ Արագիլն ամեն տարի խեղդում է իր ձագերից մեկին՝ աստծուն մատաղ անելու համար։)

Կռունկ (Սպանելը մեծ մեղք է։ Երբ մարդ հրացան առնի ձեռը և նշան բռնի կռունկին, կռունկն իսկույն դառնում է գեղանի հարս՝ ծծկեր երեխան կրծքին։)

Կենդանիներից բացի՝ սրբացվում էին սոսի (Տնջրի), գիհի (կենի) և բեգոնիա (փղականջ) բույսերը։ Տոտեմների շարքն են դասում նաև ձկներին, շնորհիվ վիշապ քարակոթողների։ Լեռների ծագումը առասպելներում սովորաբար մարդեղային բնույթ ունի։ Ըստ որոշ առասպելների, լեռները եղբայր-հսկաներ էին։ Ամեն առավոտ նրանք ամուր գոտևորվում էին ու բարի առավոտ մաղթում միմյանց։ Ժամանակի ընթացքում ծույլանում են վաղ արթնանալ և բարևել միմյանց, նաև չեն էլ ձգում գոտիները։ Աստվածները պատժում են եղբայրներին ու դարձնում նրանց լեռներ, իրենց գոտինեիը վերածում են կանաչ հովիտների, արցունքները՝ աղբյուրների։ Մեկ այլ վարկածով, Մասիս սարը (Արարատ) և Արագածը քույրեր են, իսկ Զագրոս ու Տավրոսը՝ եղջերավոր վիշապներ էին (դրակոններ), որոնք մարտնչում էին իրենք իրենց դեմ։ Շատ առասպելներ նվիրված էին օձերին, նրանց պաշտամունքը, որը հնում տարածված էր ժողովրդի մեջ (հատկապես լորտու, ով համարվում էր հայերի ընկեր)։ Ենթադրվում էր, որ սուրբ օձերը ապրում էին քարանձավներում իրենց պալատներում, իսկ օձերի արքայի գլխին թանկարժեք քար էր կամ ոսկյա եղջյուրներ էր։ Յուրաքանչյուր թագավոր իր բանակն ուներ։

Երրորդ դիցարան.

Վանի թագավորության (Բիայնիլի, Ուրարտու) դիցարանը հիշատակվում է Մհերի դռան արձանագրության մեջ։ Այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական (ամեն աստված ուներ իր նշանը), և շուրջ 100 սրբություններից։ Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի, Թեյշեբա, Շիվինի։ Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների։ Հետբիաինական դարաշրջանում ազգակից աստվածներից ձևավորվել է նոր դիցարան, որը նույնությամբ պահպանվել է մինչև քրիստոնեության ընդունումը։ Հայոց դիցարանի բնորոշ առանձնահատկությունը միակենտրոնությունն է, չկան չար կամ չարագործ աստվածներ, մեծարվել են լույսը, բարին, ընտանեկան օջախը, գիտությունները։

Չորրորդ դիցարան.

Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը՝ Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը (պաշտամունքային գլխավոր կենտրոնը եղել է Դարանաղյաց գավառի Անի ամրոցը), Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին (գլխավոր կենտրոններն էին Եկեղյաց գավառի Երիզա/Երզնկա ավանը, Արտաշատը), Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը (գլխավոր մեհյանը Աշտիշատում էր, կոչվել է Վահեվանյան)։ Գլխավոր աստվածություններից է Աստղիկը՝ սիրո և գեղեցկության, երկնային լույսի և ջրի դիցուհին։ Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստնության, ողջախոհության և ռազմի աստվածուհին։ Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ։ Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում։ Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանի, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին։ Արեգակի, կրակի ու լույսի, մաքրության ու ճշմարտության աստվածը Արեգ-Միհրն է։ Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով։ Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր։ Նրան է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։ Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն։ Միհրի աստվածության հետագա վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ և Փոքր Մհերներն են։ Դպրության, պերճախոսության, գիտությունների և ուսման, արվեստների հովանավոր աստվածը Տիրն է՝ Արամազդի ատենադպիրն ու սուրհանդակը։ Համարվել է մարդկանց ճակատագրերի գուշակն ու երազների մեկնիչը, նրանց չար ու բարի գործերի գրառողը։ Նրան նվիրված գլխավոր տաճարը հին Արտաշատի մերձակայքում էր՝ Երազամույն վայրում, և կոչվել է Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։ Տիրին անվանել են նաև Երազացույց ու Երազահան։ Տիր աստծու անունից են ծագել մի շարք անձնանուններ (Տիրան, Տիրատուր, Տիրայր, Տրդատ) և տեղանուններ (Տիրինկատար լեռը, Տիրակատար քաղաքը, Տրե և Տիրառիջ գյուղերը), ծիածանի՝ Տիրական կամ Ծիրանի գոտի անվանումը և այլն։ Վանատուրը հին հայերի դիցարանում հյուրընկալության աստվածն է՝ պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան ու օթևան տվողը։ Վանատուրի տոնը նշել են հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նրան անվանել են նաև Ամանորի դից, նույնացրել Նոր տարին անձնավորող Ամանոր աստծու հետ։ Հայկական դիցարանում անդրաշխարհի աստվածը Սպանդարամետն է, պաշտվել են նաև Անգեղ(Ներգալ), Դեմմետր, Գիսանե, Բարշամին և այլ աստվածություններ։

Հելլենիզմ.

Հայոց դիցաբանության մեջ հեթանոսական կոչվող շրջանը համապատասխանում է հելլենական ժամանակաշրջանին, սկսվում և ավարտվում է այդ մշակույթով:«Հայոց հեթանոս» աստվածների՝խառնածին դիցարանը ձևավորվել է հունական,ասորական և տեղական կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ։

Հելլենիստական մշակույթի և նրա ավանդությունների զարգացման մի արտահայտությունն եղավ Աստվածությունների հայկական պանթեոնի համադրումը հելլենականի։ Այսպիս, Արամազդը նույնացվեց Ջևսի կամ Դիոսի հետ, Անահիտը Արտեմիսի, Միհրը և Բարշամինան Հեփեստոսի, Վահանգնը՝ Հերակլեսի, Աստղիկը՝ Ափրոդիտեի, Նանեն՝ Աթենասի, Տիրը՝ Ապոլոնի հետ։ Դրսից բերվեցին այդ աստվածությունների արձանները և դրվեցին կայկանկան մեկյաննեերում։ Հայաստանում քրիստոնեության տարածման շրջանում ոչնչացվել են հեթանոս աստվածներին նվիրված արձաններն ու քանդակները, մեհենական արժեքները, ինչպես նաև տաճարները, բագինները. պահպանվել են միայն Անահիտի պղնձաձույլ արձանի գլուխն ու նրա պատկերով մի մեդալիոն, Գառնիի հեթանոսական տաճարը։ Վերջին տարիներին մի շարք հնավայրերի պեղումների ժամանակ հայտնաբերվել են հեթանոսական մշակույթի նորանոր արժեքներ, հեթանոս աստվածներին նվիրված տարբեր իրեր։և այլն՝ պահպանելով, սակայն, իրենց ազգային, պաշտամունքային ինքնատիպ հատկանիշները։ Հեթանոս հայերն իրենց աստվածներին չեն առանձնացրել օտար աստվածներից և հավասար նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, մեհյաններ, նվիրատվություններ արել, կենդանիներ զոհաբերել։ Նրանց անուններով են կոչել հայ հեթանոսական տոմարի ամիսները, օրերը, տեղանուններ, անձնանուններ և այլն։ Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելուց հետո հեթանոս աստվածներին նվիրված որոշ սովորույթներին, պաշտամունքային տարրերին քրիստոնեական շունչ է հաղորդվել՝ կապելով Հայ եկեղեցու տարբեր տոների կամ արարողությունների հետ։ Հայկական դիցարանին վերաբերող բացառիկ ու արժեքավոր տեղեկություններ են պահպանվել Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու, Զենոբ Գլակի, Փավստոս Բուզանդի և այլ հայ ու օտար (Հերոդոտոս, Քսենոփոն, Ստրաբոն, Պլուտարքոս և ուրիշներ) պատմիչների ու հեղինակների աշխատություններում։ Հայ ժողովրդի հնագույն հավատքի մասին պատկերացում է տալիս նաև «Սասնա ծռեր» էպոսը։ Հայոց նախաքրիստոնեական կրոնի ուսումնասիրության առումով մեծ արժեք ունի Հայոց տոմարը։

Համաստեղություններ.

Երկնային լուսատուները և համաստեղությունները մարդիկ վաղուց ի վեր դիտում էին իբրև կենդանի էակների և կենդանակերպերի և նրանց իշխանություն էին վերագրում մարդկանց ծնունդի ու մահվան, ուժի ու զորության, բախտի և դժբախտության նկատմամբ։ Եզնիկ Կողբացին, Անանիա Շիրակացին և 5-7-րդ դարերի այլ հեղինակներ պահպանել են որոշ տեղեկություններ հին հայկական հավատալիքների և սնոտիապաշտական ըմբռնումների մասին։ Կախված նրանից, թե երկնակամարում որ կենդանակերպն է երևացել, մարդուն ծնվելիս արդեն վերագրում էին երկար կամ կարճատև կյանք, բախտ կամ դժբախտություն։ Օրինակ, Առյուծը 12 կենդանակերպներից մեկն էր, և «զառեվծէն ասեն՝ թե որ ի նմայն ծնանի, քաջասիրտ և հպարտ կլինի», իսկ Այծեղջյուր կենդանակերպի տակ ծնվի՝ «խոհեմ, գոռոզ և դավաճան լինի» կամ «զցլին ասեն՝ թե ըստ նմանութեան ցլու զորաւոր և անձնեայ է և որ ի նմայն ծնանի»։ Եզնիկ Կողբացին, արտահայտելով դեռևս իր ժամանակ պահանված հավատալիքները, խոսում է այն պատկերացումների մասին, թե վիշապները երկինք էին բարձրանում եզների միջոցով։ Ինչպես տեսնում ենք, եզների և վիշապների շուրջ հյուսված առասպելները, որոնք գալիս էին գնագույն ժամանակներից, տակավին պտտվում էին ժողովրդի մեջ։ Պատկերացում կար նհանգների՝ չար հրեշտակների մասին, որոնք կարող էին հափշտակել կալի բերքը կամ երեխաներին։ Նման առասպելական զրույցների ու հավատալիքների թիվը մեծ էր։ Չկարողանալով ճանաչել բնության ու կյանքի շատ ու շատ երևույթները, մարդը նրանց գերբնական ուժ էր վերագրում կամ համարում էր նման ուժերի գործողությունների արգասիք, ինքն էլ դիմելով իրակեղծ և սնոտի միջոցների օգնությանը։ Դարեր շարունակ մարդիկ մշակել էին բնության և հասարակական կյանքի երևույթները բացատրելու և նրանց ընթացքի վրա «ներգործելու» բազմազան միջոցներ, եղանակներ, հմայական գործողություններ, ծեսեր և արարողություններ, կախարդանքներ, հմայություններ, աղոթքներ և անեծքներ, հարցուկներ և գուշակություններ։ Պաշտամունքի հետ կապված արարողությունները, ծեսերը, կրոնական և կենցաղային հանդեսները, ընդհուպ մինչև ծննդի, հարսանիքի հանդեսներն ու թաղման ծեսերն ուղեկցում էին թատերականացված ներկայացումներով, երգ ու պարով, նվագով։

Հայկական աստվածներ և աստվածուհիներ.

ԱՐԱՄԱԶԴ

Հին հայերի գերագույն աստվածն էր Արամազդը, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։

ԱՆԱՀԻՏ

Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին կամ կանանց հատուկ գլխի հարդարանքով, մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ», բոլոր տեսակ խոհեմությունների ու պարկեշտությունների մայր, մարդկանց բարերար, հայ ժողովրդին պահող ու փառաբանող։ Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը։ Հայ թագավորները որևէ գործ ձեռնարկելիս Մեծ տիկին Անահիտից էին հովանավորություն և առողջություն հայցում։ Իբրև մայր աստվածություն Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր։ Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական դիցարանում կազմում էր աստվածային սուրբ երրորդություն։

Հին Հայաստանում լայնորեն սիրված ու տարածված էր Անահիտի պաշտամունքը. Եկեղյաց գավառում, Տարոնում, Վասպուրականում, Արմավիրում, Արտաշատում կառուցված էին Անահիտի տաճարները։ Ամենանշանավորը Եկեղյաց գավառի Երիզա ավանի (հետագայում՝ Երզնկա) Անահիտի տաճարն էր, որին նվիրաբերում էին սպասավորներ ու սպասուհիներ։ Մեծահարուստ և նշանավոր ընտանիքները իրենց հասուն դստրերին նվիրում էին այդ տաճարին, որտեղ որոշ ժամանակ ծառայելուց հետո միայն նրանք իրավունք ունեին ամուսնանալու։ Անահիտի սրբավայրերին նվիրում էին նաև պիսակավոր (ճակատին սպիտակ նշան ունեցող) երինջներ, որոնք նախիրներով արածում էին նրա տաճարների շուրջը։

Երիզա ավանի տաճարում էր դրված Անահիտի ոսկեձույլ արձանը, որի համար էլ Անահիտին կոչում էին Ոսկեծղի (ոսկեբազուկ), Ոսկեհատ, ՈսկեծինՈսկեմայր։ Նրա արձանին ծառերի թավ ու թարմ ճյուղերից հյուսված պսակներ էին դնում։ Այդ ոսկեձույլ արձանն այնքան մեծ էր, որ երբ հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը մեր թվականությունից առաջ 34 թ. իր պարթևական արշավանքի ժամանակ մտնում է Երիզա ավանը, նրա զինվորները ջարդում են Անահիտի ոսկեձույլ արձանը, կտոր-կտոր անելով, բաժանում իրար մեջ և տանում Հռոմ։ Այդ ավարին մասնակցած հռոմեացի մի զինվոր ճոխ ճաշկերույթ է կազմակերպում Օգոստոս կայսեր պատվին։ Երբ կայսրը հարցնում է Անահիտի արձանի մասին, զինվորը պատասխանում է, թե ինքն է եղել առաջինը արձանի վրա հարձակվողներից, և այդ ճաշկերույթի ծախսը հոգացել է Անահիտի արձանի սրունքի մի կտոր ոսկով։

ՎԱՀԱԳՆ

Հայոց դիցարանի երրորղ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։ Նա ծնվում է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծուխ ու բոց արձակող փողից վազելով ելնում է պատանի Վահագնը։ Նա ծնվելուն պես կովի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից։ Վահագնը հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն էր, որից թագավորներն ու զորավարները քաջություն էին աղերսում։ Վահագնի գլխավոր պաշտամունքատեղին և սրբավայրը գտնվում էր Տարոնի Աշտիշատում՝ Հին Հայաստանի հոգևոր կենտրոնում։ Վահագնին հետագայում ժողովուրդը մարդեղենացրել է և դարձրել իր սիրած ու մեծարած Տիգրան Մեծ թագավորի երրորդ զավակը։

 

ԱՍՏՂԻԿ

Վահագնի տարփածուն էր Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աշտիշատում գտնվող նրա տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ», ուր Աստղիկը հանդիպում էր իր սիրած Վահագնին։ Աստղիկի և Վահագնի ամուսնությունը համարվում էր սրբազան. այդ ամուսնության հետևանքով անձրև էր տեղում երկրի վրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց։

Աստղիկին պատկերում էին մերկ, չքնաղ գեղեցկուհու տեսքով, հաճախ՝ լողանալիս։ Նա ամեն գիշեր լողանում էր Եփրատ գետում։ Նրա սիրով տարված երիտասարդ տղաները Տարոնի Դաղոնաց սարի վրա գիշերները խարույկներ էին վառում, որպեսզի դրանց լույսի տակ կարողանան տեսնել Եփրատում լողացող դիցուհուն, հիանան նրա չքնաղ գեղեցկությամբ։ Բայց Աստղիկը ամեն գիշեր Տարոնի դաշտը մշուշով էր պատում, որպեսզի իրեն ոչ մի օտար աչք չկարողանա տեսնել։

Ուշ շրջանի մեկ այլ առասպելով՝ Աստղիկը Նոյի (Քսիսութրիոս) դուստրն է։ Ջրհեղեղից և Նոյի Հայաստան նավարկելուց հետո, աշխարհի տիրակալներն են դառնում Նոյի երեք զավակները՝ Զրվանը, Տիտանը և Հաբեթոսթեն1։ Երբ նրանք ամբողջ աշխարհը բաժանում են իրար միջև, Զրվանը բռնանում է մյուս եղրայրների վրա և կամենում է նրանց երկրներում իր որդիներին թագավորեցնել։ Տիտանն ու Հաբեթոսթեն ըմրոստանում են ավագ եղրոր՝ Զրվանի դեմ և պատերազմի մեջ մտնում նրա հետ։ Տիտանը հափշտակում է Զրվանի երկրների մի մասը։ Այս խռովություններին միջամտում է նրանց քույր Աստղիկը, խնդրելով եղբայրներին դադարեցնել կռիվները։ Տիտանն ու Հաբեթոսթեն համաձայնում են, որ առայժմ իրենց վրա թագավորի ավագ եղբայր Զրվանը, միայն մեկ պայմանով, որ նրանից ծնվելիք բոլոր արու զավակներին սպանեն, որպեսզի հետագայում Զրվանի թագավորությունն իրենց վրա սերնդից սերունդ հավերժական չլինի։ Համաձայնում են, դաշինք կնքում։ Տիտանն ու Հաբեթոսթեն իրենց հզոր մարդկանցից վերահսկիչներ են նշանակում Զրվանի բոլոր կանանց ծննդաբերության վրա։

Մ. Խորենացին հաղորդելով այս զրույցը, գտնում է, որ Զրվանը, Տիտանը և Հաբեթոսթեն Աստվածաշնչում հիշատակված Նոյի երեք որդիներ Սեմի, Քամի և Հաբեթի անունների փոխակերպված ձևերն են։ Զրվանը պարսից զրադաշտական կրոնում ժամանակի աստվածն էր, որից ծնվում են բարի Օրմիզդն ու չար Ահրիմանը։ Տիտանները հունական դիցաբանության մեջ Ուրանոս-Երկնքի և Գեա-Երկրի ամուսնությունից ծնված ահեղ հսկաներ էին, որոնք հետագայում կռվեցին Զևսի և մյուս աստվածների դեմ։

Եվ երբ Զրվանի նորածին արու զավակներից երկուսին սպանում են, Աստղիկը խղճահարվում է և Զրվանի կանանց հետ միասին համոզում մի քանի տիտանների՝ Զրվանի մյուս տղաներին կենդանի թողնել և ուղարկել արևմուտք, այն լեռը, որ կոչվում է Օլիմպոս կամ հայերեն՝ Դյուցընկեց (այսինքն՝ աստվածների ընկնելու տեղ)։

Աստղիկը Տարոնի կողմերում շինել է տալիս Աստղնաբերդ (համառոտված՝ Ասղնբերդ) ամրոցը իր Զրվան եղբոր ապահովության համար։ Այն հետագայում կոչվեց նաև Մոկաց բերդ։

Բացի Աշտիշատից, Աստղիկին նվիրված տաճարներ կային Վանա լճի մոտակայքում գտնվող Արտամետ ավանում, Անձևացիք կոչված գավառում, Արտաշատում և այլ տեղերում։ Աստղիկին նվիրում էին վարդեր և աղավնիներ, որոնք սուրբ էին համարվում։ Վարդեր նվիրելու սովորությունից էլ ըստ երևույթին առաջացել է Աստղիկի «Վարդամատն» (վարդե մատներ ունեցող) մականունը։

Աստղիկի տոնը կատարում էին ամառվա կեսերին, համաժողովրդական մեծ հանդիսություններով ու արարողություններով։ Այդ տոնը կոչվում էր վարդավառ, որ մինչև այժմ էլ կատարվում է ժողովրդի մեջ։ Այդ տոնակատարության ժամանակ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ թռցնում, իրար վրա ջուր էին ցողում, ուրախանում։

ՆԱՆԵ

Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, հավանաբար ռազմի աստվածուհի, որի պաշտամունքը սերտորեն կապված էր մայր դիցուհու՝ Անահիտի պաշտամունքին։ Եվ պատահական չէր, որ Նանեի հարուստ տաճարը գտնվում էր Եկեղյաց գավառի Թիլ ավանում, Անահիտի տաճարի մոտակայքում։ Ժողովրդի մեջ մինչև այժմ էլ մեծ մորը, այսինքն՝ տատին, նանե են կոչում, մի բան, որ վկայում է Նանե դիցուհու մայր աստվածության հետ ունեցած կապի և ժողովրդական խավերում նրա անվան ու պաշտամունքի լայն տարածվածության մասին։

ՄԻՀՐ

Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Նրա գլխավոր տաճարը գտնվում էր Դերջան գավառի Բագահառիճ գյուղում։ Միհրին էր նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։

Միհրի պաշտամունքը լայն տարածում ուներ հին Հայաստանում։ Հին հայկական օրացույցի յուրաքանչյուր ամսի 8-րդ օրը կոչվում էր նրա անունով՝ Միհր, իսկ յոթերորդ ամիսը, որ համապատասխանում է այժմյան փետրվար ամսին, դարձյալ կոչվում էր նրա անունով՝ Մեհեկան։ Միհրի անունից են ծագում նաև հին հայոց հեթանոսական սրբավայրերի ընդհանուր կոչումը՝ մեհյան։

Միհրի անունն ու արարքների հիշատակը որոշ ձևափոխումներով պահպանվել են «Սասնա ծռեր» հերոսավեպում, հանձին Մեծ և Փոքր Մհերի անունների և վեպերի։

Ըստ «Սասնա ծռերի»՝ Մեծ Մհերը ծովածին Սանասարի որդին է։ Նա տակավին 15 տարեկան պատանի էր, երբ Սասունում սով ու թանկություն է ընկնում։ Պարզվում է, որ Սասնա լեռներում մի ամեհի առյուծ է լույս ընկել, փակել Սասուն տանող բոլոր ճանապարհները, անցնող–դարձողներին հոշոտում է, չի թողնում հաց կամ որևէ ապրանք մտնի Սասուն։

Մհերն իմանալով հացի պակասության և թանկության պատճառը, հաջորդ իսկ օրը գնում է առյուծի դեմ կռվելու։ Առյուծը որ տեսնում է Մհերին, գազազած գալիս է ընդառաջ, պոչը գետին է խփում, փոշու ամպեր բարձրացնում։ Մհերը, երբ ուղեկիցներից իմանում է, որ եկողը առյուծն է, անզեն գնում է նրա դեմ, գոտեմարտի է բռնվում առյուծի հետ, կանչում իր պապենական երդումը՝ «Հացն ու գինին, տեր կենդանին», մի ձեռը գցում է առյուծի վերին ծնոտից, մյուսը՝ ներքինից, քաշում ճղում է առյուծին, անում երկու կես, կեսը դնում ճամփի մի կողմը, մյուս կեսը՝ մյուս կողմը, վերադառնում Սասուն։ Այդ օրվանից նրան կոչում են Առյուծաձև1 Մհեր։

Առյուծաձև մակդիրը հասկացվում է երկու իմաստով, առյուծ ձևող, ճղող և առյուծի ձև, առյուծի կերպարանք ունեցող։

«Սասնա ծռերի» այն պատումներում, ուր պատմվում է Մեծ Մհերի առյուծ սպանելու՝ ձեռքերով երկու կես անելու, ճղելու

Մեծ Մհերին խորհուրդ են տալիս գնալ Աղջաղլա Յալերի թագավորի աղջկան՝ Արմաղանին ուզելու։ Երբ Մհերը գնում է այդ թագավորի քաղաքը, տեսնում է՝ բոլոր քաղաքացիք սև են հագել և լաց են լինում։ Մհերը հարցնում է սգո պատճաըը։ Պարզվում է, որ քաղաքի մոտ գտնվող սարի քարանձավում, որտեղից քաղաքի ջուրն է գալիս, վիշապ է մտել, փակել աղբյուրի ակը և կտրել ջուրը։ Ամեն անգամ, որպեսզի մի քիչ ջուր տա վիշապը մի աղջիկ է ուզում։ Յոթ օր է, ինչ քաղաքը ծարավ է։ Այդ օրը թագավորի աղջկա հերթն է, նրան պետք է տան վիշապին, դրա համար էլ քաղաքը սուգ է մտել։ Մհերը գնում է այդ քարանձավը և պատվիրում քաղաքացիներին՝ թագավորի աղջկան բերել այնտեղ։ Մհերը գնում, կանգնում է քարանձավի մոտ. այնտեղ են բերում սև հագած թագավորի աղջկան։ Երբ վիշապը տեսնում է աղջկան, դուրս է սողում քարանձավից, որպեսզի աղջկան կուլ տա։ Մհերը քաշում է թուրը, վիշապի յոթ գլուխն էլ թռցնում, գլուխներից թանձր կրակ ու ծուխ է բարձրանում։ Մհերը սպանված վիշապին քարայրից գլորում է ցած, անմիջապես քարայրից պղտոր արնաջուր է հորդում ներքև, ապա աստիճանարար սկսում է զուլալվել։ Մարդիկ ուրախությունից իրենց ջուրն են նետում, խմում, զվարճանում։

Թագավորի դուստրը արնաջուր գալու պահին ձեռքը թաթախում է արյան մեջ, խփում Մհերի մեջքին, վերադառնում պալատ։ Թագավորը աղջկան տեսնելով, շատ է ուրախանում, հարցնում է, թե ինչպե՞ս է ազատվել, ո՞վ է ազատել։ Աղջիկը ոչինչ չի պատասխանում։ Թագավորը կարգադրում է գտնել վիշապ սպանողին, բերել, խոստանալով աղջկան նրան տալ կնության։

Շատերն են գալիս ներկայանում թագավորին, ասելով, որ իրենք են վիշապին սպանել։ Արմաղանը բոլորին հետ է դարձնում, բացահայտում նրանց սուտը։ Գալիս է Մհերը։ Թագավորը հարցնում է.

— Դո՞ւ ես իմ աղջկան ազատել։

— Ես եմ ազատել, — ասում է Մհերը,— իմ սրով վիշապի յոթ գլուխներն եմ թռցրել։

Թագավորը նրան էլ չի հավատում։ Երբ Մհերը շրջվում է գնալու, Արմաղանը նկատում է նրա մեջքին դրոշմված իր ձեռքի արյունահետքը, մոտենում է Մհերին, բռնում թևից, ներկայացնում հորը։

— Հայր թագավոր, այս տղան ինձ ազատեց, ես պետք է նրա հետ ամուսնանամ։

մասին, վիպասացները Առյուծաձև, մակդիրը առաջին իմաստով են հասկացել, իբրև առյուծ ձևող։ Բայց կան պատումներ էլ, ուր առյուծ սպանելու մոտիվը չկա, բայց Մհերը կոչվում է Առյուծ Մհեր։ Նախնականը, ըստ երևույթին, եղել է մակդիրի երկրորդ իմաստը՝ առյուծի ձև, առյուծի կերպարանք ունեցող, որովհետև Միթրա-Միհր աստծուն պատկերող հին հռոմեական մի շարք քանդակներում Միհրը (Միթրա) պատկերված է առյուծի գլխով և մարդու մարմնով։ Այստեղից էլ՝ «Սասնա ծռերի» որոշ պատումներում պահպանված Առյուծ Մհեր անվանումը։

Հայրն ուրախանում է, Արմաղանին տալիս է Մհերին, Մհերն առնում է Արմաղանին, բերում Սասուն։

Մեկ ուրիշ պատումով՝ Արմաղանին Սպիտակ դևն է փախցնում, տանում իր բնակարանը, որը գտնվում է ջուր բխող մի սարի գագաթին։ Մհերը հարցուփորձով գտնում է դևի բնակատեղին, քնած դևին արթնացնում է, հետը մենամարտում, սպանում Սպիտակ դևին, Արմաղանին ազատում, բերում Սասուն, հետն ամուսնանում։

Փոքր Մհերը Մեծ Մհերի թոռն է, Դավթի որդին, երբ ծնվում է մորից, մի ձեռը փակ է լինում, որքան չարչարվում են, չեն կարողանում բացել։ Կանչում են հորը՝ Դավթին, կամ Քեռի Թորոսին, որը շփելով կամ աղոթելով, բացում է Մհերի բուռը, բռան մեջ՝ մի գունդ լերդացած արյուն։ Գուշակում են, որ Մհերը աշխարհը մի գունդ արյուն է շինել ու առել բռի մեջ։

Մի շարք պատումներով՝ Դավիթը օտարության մեջ է լինում, երբ ծնվում է Փոքր Մհերը։ Մեծանում է, դառնում պատանի, հարցուփորձով մորից՝ Խանդութից, իմանում է հոր մասին։ Ուզում է գնալ հորը փնտրելու։ Մայրը, իբրև նշան, Մհերի բազկին է կապում Դավթի տված ապարանջանը։ Մհերը ճանապարհին հանդիպում է հորը, իրար չեն ճանաչում և սկսում են մենամարտել։ Մեծ դժվարությամր Դավթին հաջողվում է մի կերպ հաղթել պատանի Մհերին (կամ, ընդհակառակը, Մհերն է հաղթում) և երբ գետին դնելով՝ կամենում է սպանել, տեսնում է իր տված ապարանջանը։ Ճանաչում են իրար, հաշտվում։

Որոշ պատումներով՝ մայրը՝ Խանդութը, լսելով հոր և որդու մենամարտի շռինդը, գալիս է միջամտելու, բայց կռվից տաքացած հարազատները չեն լսում Խանդութի աղերսանքը։ Խանդութն ստիպված դիմում է աստծո միջամտությանը։ Երկնքից իջնում է Գաբրիել հրեշտակը, միջամտում կռվին, հորն ու որդուն բաժանում իրարից։ Դավիթը այդ կռվից զայրացած՝ անիծում է Մհերին, որ նա անմահ ու անժառանգ մնա։ Հոր անեծքը կատարվում է. Մհերը մնում է անմահ և անժառանգ։

Իր երկար թափառումների ընթացքում Փոքր Մհերը կռվում է Սասնա թշնամիների, դևերի, կռապաշտների դեմ, բոլորին հաղթում։ Վերջում ծերացած ու անարդար հողը այլևս չի դիմանում անմահ ու անժառանգ Մհերի ոտքերի տակ, ոտքերը խրվում են հողի մեջ, տանջում։ Հուսահատված, հայրենի տնից հալածված Մհերը օգնություն է հայցում մեռած ծնողների գերեզմաններից։ Ծնողները խորհուրդ են տալիս գնալ Հալեպ կամ Ագռավաքար, այնտեղ պատսպարվել։ Մհերը ճանապարհին դիմում է աստծոն, կռիվ խնդրում։ Աստված ուղարկում է իր յոթ դաս հրեշտակներին Մհերի դեմ կռվի։ Մհերը կռվում է, բայց չի կարողանում հրեշտակներին հաղթել։ Աստծո հրամանով Վանի մոտ գտնվող Ագռավաքար ժայռը բացվում է, Մհերը ձիով մտնում է ժայռի մեջ, փակվում։ Մհերը ժայռից դուրս կգա այն ժամանակ, երբ հին աշխարհը քանդվի և մեկ էլ շինվի, երբ անարդարությունը աշխարհից վերանա, բարիքների առատություն լինի՝ գարին դառնա ընկույզի չափ, ցորենը՝ մասուրի, երբ հողը դառնա արդար, դիմանա նրա ոտների տակ։

ՏԻՐ

Հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր Տիրը՝ Արամազդ գերագույն աստծո գրիչը կամ քարտուղարը, որի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում և կոչվում էր Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։ Այսօրվա լեզվով ասած՝ դա Արամազդ աստծո քարտուղարի, այսինքն՝ Տիր աստծո գրասենյակն էր, որը միաժամանակ գիտությունների ուսուցման տեղ էր, որտեղ հեթանոսական կրոնի պաշտոնակատար քրմերը գիտություն և իմաստություն էին սովորում։ Քրմական գիտությունների կամ իմաստությունների մեջ էր մտնում ամենից առաջ գուշակությունը, հատկապես երազների մեկնությունը, երազահանությունը։ Դրա համար էլ Տիր աստվածը կոչվում էր նաև երազացույց ու երազահան, այսինքն՝ քրմերը նրանից սովորում էին երազների գուշակության արվեստը, իսկ Տիրի պաշտամունքի վայրը հին հայերը կոչում էին «Երազամոյն տեղիք» (երազալից կամ երազառատ տեղեր)։ Այստեղ ուխտ եկողները քրմերի միջոցով Տիր աստծոց ստանում էին իրենց տեսած երազների գուշակությունը։

ԱՄԱՆՈՐ ԵՎ ՎԱՆԱՏՈՒՐ

Հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին Ամանորը և Վանատուրը։ Ամանորը, որ հին հայերենում նշանակում է նոր տարի, հին հայերի նոր տարին անձնավորող աստվածն էր և համարվում էր «նոր պտուղների ամենաբեր»։ Նրա տոնն ու պաշտամունքը կատարվում էր հայոց նոր տարվա օրերին՝ Նավասարդին, որ հայոց հին տոմարով համընկնում էր հուլիսի վերջերին և օգոստոսի սկզրներին, տարվա այն ամիսներին, երբ հասունանում էին նոր մրգերն ու պտուղները։ Նավասարդյան տոնախմբությունները համաժողովրդական մեծ շուքով ու ցնծությամբ կատարվում էին հատկապես հայոց հին հոգևոր կենտրոններից մեկում՝ Բագրևանդ գավառի դաշտավայրում գտնվող Բագավանում, որ նշանակում է դիցավան կամ աստվածավան։ Այս ավանում էր գտնվում նոր տարվա աստվածների՝ Ամանորի և հյուրընկալ Վանատուրի պաշտամունքատեղին։ Եթե Ամանորը խորհրդանշում էր նոր տարին ու նրա բերած նոր պտուղները, ապա Վանատուրը, որ բառացի նշանակում է օթևան տվող, հյուրընկալ, խորհրդանշում է Նավասարդին և այլ օրերի Բագավան այցելած բազմահազար հյուրերին և ուխտավորներին հյուրընկալելու, տեղ ու օթևան տալու իրողությունը։ Հայոց Տիգրան վերջին թագավորը Բագավանում իր եղբոր՝ Մաժան քրմապետի գերեզմանի վրա սրբավայր է շինում, որպեսզի բոլոր անցորդները վայելեն այդտեղ զոհաբերվող կենդանիների միսն ու խմիչքը, միաժամանակ նույն տեղում գիշերեն և հյուրընկալվեն։

ՍՊԱՆԴԱՐԱՄԵՏ

Հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր Սպանդարամետը կամ Սանդարամետը, որ հաճախ նույնանում էր ստորգետնյա աշխարհի, մեռելների թագավորության կամ ուղղակի դժոխքի հետ։

Հնում Սպանդարամետին նույնացրել են այգիների և գինու հովանավոր հանդիսացող հունական Դիոնիսիոսի կամ Բաքոսի հետ, հետագայում նա համարվել է երկրի, անդունդների, դժոխքի տիրակալ՝ Սանդարամետապետ։ Երբեմն հոգնակի «Սանդարամետք անդնդոց» ձևով հասկացել են և դժոխքի անդունդները, և դժոխքի չար ոգիները։

Հեթանոս հայերն աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, զոհաբերել կենդանիներ: Հայկական դիցարանում, բացի անձնավորված մարդակերպ աստվածներից, հիշատակվում են զանազան մտացածին էակներ, հրեշներ (վիշապ, հուշկապարիկ և այլն) և չար ու բարի ոգիներ (Արալեզ, Հավերժահարս, Քաջ, Առնակ և այլն): Դիցաբանական տարրեր են պարունակում նաև «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» հայկական առասպելները, «Սասնա ծռեր» էպոսը և այլ բանահյուսական պատումներ: Առասպելը չափազանցված զրույց է. և՜ պատմողը, և՜ ունկնդիրն այն  ընկալում են որպես արժանահավատ պատմություն և փոխանցում  բանավոր:  Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումները:  Գեղեցիկ առասպելներ են ստեղծել հին հույները Հերակլեսի, Յասոնի, Պրոմեթևսի և այլ հերոսների մասին: Հեթանոս հայերի առասպելական զրույցներից մի քանիսն ամփոփված են Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ: Դրանցից են Հայկ Նահապետի, Վիշապաքաղ Վահագնի, Տորք Անգեղի, Արա Գեղեցիկի և Շամիրամի, Արամի պատմությունները:

Առասպելներից շատերը հետագայում օգտագործվել են գրողների ստեղծագործություններում. օրինակ՝  հայ գրականության մեջ՝ Ղազարոս Աղայանի «Տորք Անգեղը», Հովհաննես Հովհաննիսյանի «Վահագնի ծնունդը», Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկը», հունական գրականության մեջ՝  Էսքիլեսի «Շղթայված Պրոմեթևսը», Սոֆոկլեսի «Էդիպ արքան»  և այլն:

Առասպելներն օգնել և օգնում են գաղափար կազմելու հնագույն ժողովուրդների նախագրային շրջանի պատմության, նրանց պատկերային մտածողության ու աշխարհընկալման վերաբերյալ:  «Առասպել» արտահայտությունը առօրյայում օգտագործվում է անհավանական, մտացածին իմաստով: Առասպելները՝ Անահիտ, Աստղիկ, «Արա Գեղեցիկ ևՇամիրամ», Արամազդ, «Արտաշես և Սաթենիկ»   «Հայկ և Բել», Վահագն, ՏորքԱնգեղ: